Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՃԳՆԱԺԱՄԻ

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` Ի ՀԵՃՈՒԿՍ ՃԳՆԱԺԱՄԻ
10.11.2009 | 00:00

Փոքր և միջին ձեռներեցությունը տնտեսության շարժիչն է։ Շատ մասնագետներ վստահեցնում են, որ նրա մշտական աշխատանքի համար նախադրյալներ կան, իսկ մեխանիզմներն անընդհատ վերանայվում են, արդիականացվում, և ամենակենսունակ այս ոլորտում հնարավոր է, անգամ ճգնաժամային իրավիճակում, հաջողել:
Կառավարության օպերատիվ շտաբում հակաճգնաժամային միջոցառումների շարքում ուշադրության կենտրոնում են հատկապես ՓՄՁ աջակցման ծրագրերը: Շտաբով անցած և դրական գնահատված բիզնես ծրագրերի իրականացման գործառույթը վերապահվել է «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Տարվա ընթացքում իրագործված շուրջ 3.3 մլրդ դրամի 16 բիզնես նախագծերի մասին նշելով, հիմնադրամի գործադիր տնօրեն ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հավաստում է, որ այս ամենի արդյունքում 1700 աշխատատեղ է ստեղծվելու, բացի այդ, սննդամթերքի վերամշակման ոլորտի ընկերությունները համագործակցելու են ավելի քան 700 գյուղացիական տնտեսությունների հետ: Այս պահի դրությամբ 2-3 ամիս առաջ ֆինանսական միջոցներ ստացած կազմակերպություններն արդեն իսկ ստեղծել են 200 աշխատատեղ:
Ըստ Իշխան Կարապետյանի, կենտրոնը փորձում է ոչ միայն ֆինանսավորել կոնկրետ բիզնեսներ, այլև օգնում է իրականացնել դրանք` ծրագիրը լրամշակելով, ֆինանսական հոսքեր ներգրավելով, գրավային ապահովվածություն ձևավորելով, որպեսզի վերջնականապես վստահ լինեն ներգրավված միջոցների հասցեականության, նաև վերադարձվելիության առումով:
Նշենք, որ հիմնադրամը, հակաճգնաժամային այս միջոցառումներից զատ, իրականացնում է տարեկան ծրագրեր, որոնց շրջանակներում 4600 տնտեսավարող ստացել է տեխնիկական կամ ֆինանսական աջակցություն: Աջակցությունն այդ ծրագրերին իրականացվել է տարբեր միջոցներով` 16-ից 5-ն ուղղակի վարկավորվել է, երեքի կապիտալն է ֆինանսավորվել, մնացածն առևտրային բանկերից միջոցներ են ստացել վարկային երաշխավորությամբ: Վերջինս ենթադրում է լրացնել տնտեսավարողի և բանկի միջև եղած բացը` հիմնականում գրավի անբավարարության, ցածր իրացվելիության դեպքում: ՓՄՁ ԶԱԿ-ի շնորհիվ հնարավոր է լինում ներազդել բանկերի տոկոսադրույքի և որոշման վրա: Սովորաբար այն տնտեսավարող սուբյեկտներն են դիմում բանկերին, որոնք բանկային ռեսուրսներ չունեն: Այս պարագայում միջին տոկոսադրույքը 15 է, այն դեպքում, երբ բիզնես վարկերի տոկոսադրույքը Երևանում տատանվում է 17-19 տոկոսի միջակայքում, իսկ մարզերում` 18-24 %-ի:
«Կոնսեր» ընկերությունը, տարեսկզբին լսելով կառավարության` ճգնաժամային իրավիճակում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցելու պատրաստակամության մասին, դիմեց օպերատիվ շտաբ: «Այն ժամանակ ոչ մի բանկ, մանավանդ Էջմիածնում, վարկ չէր տալիս»,- մտաբերում է տնօրենը: Վարկը ստացան 5 տարի ժամկետով, որից 2-ը` արտոնյալ, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ընկերությունն օգտագործել է շրջանառու միջոցներն ակտիվացնելու, ապա նաև արտադրամասը վերանորոգելու և վերազինելու նպատակով։ «Լավ է, որ պետությունը կարողանում է օգնել իր ժողովրդին: Ես միշտ քննադատել եմ կառավարությանը, հիմա էլ եմ քննադատում, սակայն լավը պետք է նկատել: Եվ լավ է, որ բոլորին է օգնում, մրցակցություն պետք է լինի»,- ասում է տնօրեն ՀԱՄԼԵՏ ԱՎԱԳՅԱՆԸ:
Ոչ վարկունակ, բայց զարգացման մեծ ներուժ ունեցող ընկերությունների բիզնես ծրագրերի դեպքում պետական աջակցությունն իրականացվում է կապիտալի ֆինանսավորման տարբերակով: Պետությունն անկախ գնահատող կազմակերպության միջոցով գնահատում է ընկերության կարողությունները, արդյունքում որոշվում է մեկ բաժնետոմսի գինը: Ըստ այդմ` որոշվում է տվյալ կազմակերպությունում ներդրման չափը. պետության երաշխիքն այս դեպքում իր մասնակցությունն է տվյալ ընկերության կապիտալում: «Սա չի ենթադրում որևէ տոկոսի վճարում, այստեղ պետությունը կիսում է ռիսկը և ակնկալում ստանալ իր գումարները բիզնես նախագծի իրականացման և կազմակերպության շահույթի ստացման պարագայում»,- ասում է ՓՄՁ ԶԱԿ-ի ղեկավարը: Այս եղանակով 3 նախագիծ է իրականացվել` «Սորսիո», «M&M360», «Գոլդն գոութ»: Զարգացման նման տարբերակ էր ընտրվել նաև բուսական հիմքի վրա թեյեր արտադրող «Մեգա Արարատ» ընկերության պարագայում, որը հետո հրաժարվեց այդ աջակցությունից: Այս առնչությամբ պարզաբանում ստացանք զարգացման ազգային կենտրոնի տնօրենից: Նրա հավաստմամբ, հաշվի առնելով իրավիճակը, այս ընկերության բիզնեսի գնահատումն իրականացվել է 2 ամսում (միջազգային կառույցներում կապիտալի ֆինանսավորման համար պահանջվում է մոտ 18 ամիս): Գնահատման արդյունքում պետության մասնակցությունը 82 % էր։ Սակայն բիզնեսի մեծ մասի ձեռքբերումն ամենևին էլ պետության նպատակը չէր, առաջնահերթ էր հատկապես ձեռներեցի շահը, այդ պատճառով քննարկումների արդյունքում կազմակերպությանն առաջարկվել է 55 % մասնակցություն: «Եթե կազմակերպությունը ծրագրով նախատեսված իր 1 մլն տուփը կարողանար արտահանել, մենք պատրաստվում էինք զիջել նրան հետևողական հաջորդականությամբ տոկոսներ` մեր փայաբաժինը հասցնելով 25 %-ի: Ինչպես յուրաքանչյուր գործարար, այնպես էլ այդ կազմակերպության տնօրենը, բավականին ջանք ներդնելով իր բիզնեսի մեջ, չցանկացավ դիմել նման ռիսկի և պատասխանատվության, հրաժարվեց ակնկալվող աջակցությունից»,- ավելացնում է պրն Կարապետյանը:
Նշենք, որ հաջողված գործարար փաթեթներն օգոստոս ամսից հանգամանորեն ուսումնասիրում է մասնագիտական նորաստեղծ կառույցը` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի ստեղծումը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ ծրագրերը գնալով շատանում են: Ընկերության տնօրեն Արթուր Բադալյանի տեղեկացմամբ, ձեռներեցների աջակցման իրենց միջոցները երկուսն են` կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը: Անցած 2-3 ամսում վարկավորվել է 5 ծրագիր` «Բիոկաթ», «Սևանի կատարողական սարքերի գործարան», «Լիկվոր», «Էլեկտրասարք», «Էլեն և Անի» ձեռնարկություններում:
Առևտրային բանկերի կողմից բարձր ռիսկային գնահատված ծրագրերն ուսումնասիրում են ընկերության մասնագետները, արագ ձևակերպում դրանք, հաճախ էլ գնում, տեղում ծանոթանում են ձեռնարկության գործունեության մանրամասներին: Վարկային կազմակերպության միջին տոկոսադրույքը 12-13 % է: Նա նաև ավելացրեց, որ ակտիվ քննարկման փուլում է 20-25 բիզնես ծրագիր:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ